ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ ՖԱՆՏԱԶԻԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՆ Է»

«ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ ՖԱՆՏԱԶԻԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՆ Է»
22.12.2009 | 00:00

«Դրա տակ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկար։ Հակառակ պարագայում, ես ո՞նց կարող եմ էն կուսակցության հետ, որի մեջ եմ, չխորհրդակցել այդ մասին։ Եթե դեմ լինեի ինչ-որ բանի, դուրս կգայի այս կուսակցությունից։ Այդպես է, անկախ իմ ցանկությունից»,- երեկ մեզ հետ զրույցի սկզբում, անդրադառնալով 21 պատգամավորների ստորագրությանը, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, որը վերջիններիս թվում էր։ Հիշեցնենք, որ դա ՀՀ նախագահին ուղղված խնդրագիր էր, որով պահանջվում էր ազատություն շնորհել Սասուն Միքայելյանին։
-Քանի որ ես ԲՀԿ-ի կազմում եմ,- շարունակեց պարոն Բոստանջյանը,- բնականաբար, կուսակցության ընդհանուր մոտեցումներին պետք է ենթարկվեմ։ Այդպես է բոլոր ժամանակներում։
-ՀՀԿ-ն դատապարտեց իր պատգամավորներին ու նշեց, թե պետք է խմբակցության ընդհանուր որոշմանը հետևել։ Ձեր պարագայում, փաստորեն, նման որոշումը կարևորված չէ՞։
-Ամեն կուսակցություն այս հանգամանքը յուրովի է մեկնաբանում։ Ամեն մեկն իր հնարավորությունների ու մտածողության չափով է խոսում։
-Ձեր նկատմամբ կուսակցական ճնշո՞ւմ է գործադրվել։
-Մինչև այս պահն այդպիսի բան չի եղել, բայց չեմ կարող դրանով հպարտանալ ու ասել, որ հետագայում երբեք նման բան հնարավոր չէ։
-Իսկ նման կարգով նախագահին դիմելու ձևը, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քայլ է։
-Մարդիկ, ովքեր նեղ դրության մեջ են, նույնիսկ անհավատները դիմում են Աստծուն, որպեսզի օգնության հասնի։ Մոլորակի վրա ապրողները դիմում են նաև երկրի թագավորին։ Ընդհանրապես խնդրանքի ինստիտուտը բարձր ատյան է, և դա պետք է ընկալվի համապատասխան ձևով։
-Պարոն Բոստանջյան, այսօր խոսակցություններ են պտտվում, թե ԲՀԿ-ի ներսում ինչ-որ անորոշություններ կան, հակասություններ են ստեղծվել, ինչը պայմանավորված է նաև ԲՀԿ-ի առաջնորդի երկրից բացակայելու հանգամանքով։ Այդպե՞ս է։
-Մարդ արարածի ֆանտազիան սարսափելի, անսահման մի բան է։ Մարդը կարող է ամեն ինչ մտածել, սակայն կարևոր է, թե դա որքանով է իրականությանը համապատասխանում։ Նման բան չկա։
-Ասում են նաև` ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի արանքով սև կատու է անցել։ Ի՞նչ տարաձայնություններ ունեք։
-Դուք այդպիսի բա՞ն եք տեսնում։
-Ես լսում եմ այդպիսի խոսակցություններ։
-Տարաձայնություններ ընդհանրապես չեն կարող լինել։ Կոալիցիան երեք ուժերից է կազմված, որոնք ունեն կոնսոլիդացիա, և դա ապացուցվում է զանազան փաստաթղթեր գեներացնելով։ Ինչ վերաբերում է ոչ քաղաքական խնդիրներին, կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրը շարժվում է իր սկզբունքներով։ Դա նկատած կլինեք հարկային փաթեթի քննարկումների ժամանակ։
-Այսինքն` հերքո՞ւմ եք նման խոսակցությունները։
-Չկա այդպիսի բան, բայց եթե շատ եք ուզում, սարքեմ։ Կամ` գուցե իմ տեսողությունը լավ չէ, ես շատ բան չեմ տեսնում, բայց իրականում նման բան գոյություն չունի։
-Ավարտվում է տարին։ Ի՞նչ բեռով ենք մյուս տարի տեղափոխվում։
-Պայծառ վիճակներ չենք կարող նկարագրել, որովհետև Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող փոքր երկիր է, իսկ ծագած խնդիրները չեն հարցնում երկրի փոքրությունն ու մեծությունը։ ՈՒստի մեզ համար ավելի դժվար է դրանք հաղթահարելը, քան խոշոր երկրներին։ Այսօր մենք ունենք չլուծված հիմնախնդիր` ԼՂՀ-ի հարցը, ճգնաժամի հետևանքները, չնայած միջազգային ֆինանսական լուրջ կառույցները միջոցներ տրամադրեցին, որպեսզի մեղմենք ծագած դժվարությունները։ Մեծ հաշվով կարելի է փաստել, որ այս առումով մեզ հաջողվեց վնասները հնարավորինս նվազեցնել։ Չպետք է անընդհատ ասել` վատ է։ Հիացումից հիասթափություն մի քայլ է։ Մարդը, եթե ուզենա, կարող է ստեղծել չափազանց լավ և չափազանց վատ իրադրություններ։ Ճգնաժամը խոր հետք թողեց աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս, սակայն չհանգեցրեց խժդժությունների, իրավիճակի սրման։
-2010-ը, այս առումով, ավելի դրակա՞ն կլինի։
-Իհարկե, կարող եք չկասկածել։ Միայն գների աճ է նկատվում, որը սեզոնային բնույթ է կրում։ Սա ևս կնահանջի։ Կարծում եմ` հասարակության կենսամակարդակը փոքր-ինչ կբարձրանա։
-Մինչ հաջորդ ընտրություններ կոալիցիան կշարունակի՞ նույն կազմով կառավարել։
-Հակված չեմ կանխատեսումներ անելու։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ